| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 27.04.2013 | սմբատ խ. հովհաննիսյան
հայ պատմագիտական նոր հարացույց
ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի խմբագրությամբ լույս է տեսել "Պատմության հարցեր 2" ("Զանգակ-97" հրատարակչություն) տարեգիրքը:

 


Ժողովածուն ամփոփում է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի եւ նրան մերձ կանգնած մի խումբ արհեստավարժների (պրոֆեսիոնալներ) հետազոտությունները: Վերլուծությունների եւ նպատակի բնույթով ժողովածուն կարեւոր խոսք է արդի հայ պատմագիտության բնագավառում. ոչ միայն հանդեսի բովանդակության եւ հայ պատմագիտության "լավագույն ավանդույթները շարունակելու" առումով, այլեւ (եւ հատկապես) "պատմության գրութի նոր հնարավորության" առումով:






Մտորելով այս ամենի շուրջ, անխուսափելի են հետեւյալ հարցադրումները՝ կարելի՞ է արդյոք հանդեսում ընդգրկված հրապարակումների իմաստային ու ժանրային բազմազանությունը եւ դրանք համաբերման ճիգը համարել "պատմության նոր հարացույց" ցուցիչ, եթե այո՝ որքանո՞վ է իրական խոսել "պատմության նոր հարացույցի" հայկական տարբերակի մասին:
 

1. Այսպես, արդեն իսկ "Ինքնության հարցեր" տարեգրքում փորձ էր արվել "լուսաբանել համակեցական ինքնության (եւ առաջին հերթին` հայ ինքնության) հիմնահարցերը` ամբողջի, հատվածի, ինքնապատկերի, համամարդկային եւ տիեզերական Հանուրի դիտանկյուններից", հարդյունս որի "անհատներն ու ազգերը հասնում են մտահոգեւոր կայացման նորանոր հանգրվանների" (Ալբերտ Ստեփանյան):

Ասվածի տրամաբանական շարունակությունն ակնհայտ է "Պատմություն եւ կրթություն" հանդեսի երկու պրակներում (1-2/2005 եւ 3-4/2007): Ընդսմին՝ հանդեսի խնդիրն էր հայ պատմագիտության "ներքին կառույցների եւ արժեքային համակարգերի" վերանայմամբ "ազգային ինքնության մերօրյա հարացույցների մշակման ճանապարհին" իրենց խնդրարկումներով "խորացնել ազգի պատմական հիշողությունն ու գիտակցությունը" (Խմբագրական): Եվ այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ համարում "պատմագետների արհեստախմբի (կորպորացիա) հետեւողական եւ տեւական աշխատանք", նպատակավ "ի մի բերելու պատմագիտության առկա բոլոր ենթատեքստերն ու ենթալեզուները` սկսած ակադեմիական էսսեից մինչեւ ընկերաբանական (սոցիոլոգիական) հարցախույզ, պատմական դիմանկարից մինչեւ մանկավարժական դիտարկում", "ստեղծել պատմական գիտության մի այնպիսի միջավայր, որտեղ հաշվի կառնվեն ընթերցողական տարասեռ հետաքրքրություններն ու ճաշակները" (Խմբագրական):

Այս համապատկերում՝ "Պատմության հարցեր-2" Տարեգիրքը կարելի է դիտարկել իբրեւ մեզանում պատմագիտության ինքնագիտակցման հանգրվան: Ըստ այդմ՝ ժողովածուն նպատակ ունի ձեւավորել նոր պատմագետի կերպարը: Ուստի՝ պատմական խաղընթացի (ֆաբուլա) կայացման կարեւորագույն նախապայմաններից մեկը պատմագետի անձն է: Նա ներգրավված է իր դարաշրջանի ընկերային, գիտական եւ մշակութային իրողությունների համապատկերում՝ պատրաստ դրանց դիտանկյունից երկխոսային հարաբերություն հաստատելու անցյալի հետ: Այդ երկխոսային պատմությունը միտված է պատասխան տալու ոչ միայն "ինչ է եղել" հարցին, այլ նաեւ՝ "ինչ կարող էր լինել ըստ պատահականության եւ անհրաժեշտության": Այսպիսով՝ ընդլայնվում են պատմության ավանդական սահմանները:
Մեծ մոտավորությամբ՝ այսպիսին է "պատմություն" գիտակարգի վերափոխման հեռանկարը, որն իբրեւ արիստոտելյան էնտելեùիա (կատարումն)՝ մշտապես ներկա է եղել խմբագրի մտապատկերում: Դրա լուսաբանմանն էլ նվիրված է ներկա տարեգիրքը (հատվածը ներկայացնում ենք Ա. Ստեփանյանի "Երկու խոսք" խմբագրականից):

Համալիր այս հարցադրումներով էլ այն ամբողջացնում է "Ինքնության հարցեր" տարեգրքի եւ "Պատմություն եւ կրթություն" հանդեսների խնդրարկումներն ու հայ պատմագիտության մեջ ուրվագծում պատմագիտական նոր հարացույցի հնարավորությունը:


2. Այսպիսով՝ "Ինքնության հարցեր" տարեգրքի (2002), "Պատմություն եւ կրթություն" հանդեսի չորս համարների (1-2/2005 եւ 3-4/2007) եւ "Պատմության հարցեր-1", "Պատմության հարցեր-2" տարեգրքերի (1/2009, 2/2013) համադրմամբ ակնհայտ է դառնում, որ մեզանում փորձ է արվում պատմությունը դիտարկել ասույթի բոլոր կարեւոր միջավայրերում (եւ' ակադեմիական, եւ' բուհական, եւ' դպրոցական), միտված` "պարառելու պատմության տարաբնույթ ընկալումները": Ըստ այդմ` կարող ենք առանձնացնել նորարարականության դրսեւորումն առնվազն վեց տարբեր չափույթներում: Այն է`

ա. Պատմության դիտարկումը տրամասույթի տարասեռ չափույթներում (ակադեմիական, բուհական, դպրոցական),

բ. Տեսական պատմագիտական խնդիրներ,

գ. Կոլեկտիվ մենագրության ժանրը (հոդվածներիիմաստային եւ ժանրային ամբողջականությունը),

դ. Մենագրական հոդվածի ժանրը,

ե. Լեզվական ատաղձը,

զ. Քաղաքակրթական չափույթը:


Ա.ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՏՐԱՄԱՍՈՒՅԹԻ ՏԱՐԱՍԵՌ ՉԱՓՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Այն, ըստ էության, ծավալվում է երկու ուղղությամբ` մի կողմից, միջգիտակարգային (միջդիսցիպլինար), մյուս կողմից` պատմության լուսաբանման ու մատուցման հնարավորությունը ակադեմիական, բուհական, դպրոցական միջավայրերում: Տարեգիրքը ավանդական պատմագիտության փակուղային, ներփակ իրողությունն հաղթահարելու համար առաջադրում է հարակից գիտությունների հետ ընդլայն փոխհարաբերությունների ճանապարհը` նրանց արդյունքների երկխոսայնացմամբ-բազմախոսայնացմամբ: Գիտություններ, որոնք մարդուն դիտարկում են տարբեր դիտանկյուններից: Համոզում կա, որ հարդյունս այս երկխոսության, հնարավոր կլինի ստանալ հասարակության(ների) եւ մարդու(կանց) փոխհարաբերությունների ավելի ամբողջական եւ բազմակողմանի պատկեր:

Մյուս դեպքում (ընտրության եւ մատուցման) եւս այն հույժ կարեւորվում է, զի հետխորհրդային հայ պատմագիտության ճգնաժամն իր բացասական ազդեցությունն ունեցավ եւ պատմության ուսուցման վրա: Խիստ անջրպետ է առաջացել պատմության ակադեմիական եւ մանկավարժական (բուհական եւ դպրոցական) ընկալումների միջեւ: Այդ պայմանավորված էր պատմության ընտրության եւ մատուցման գործում տեսական խորքային մոտեցումների բացակայությամբ:
 

Բ. ՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Պատմական հիմնախնդիրների ճանաչման Խորհրդային մարքսիստական պատմագիտական մեթոդների սահմանափակությունը Խորհրդային պատմագետներին դրել էր ներփակ մի տարածության մեջ: Հարդյունս դրա՝ 20-րդ դարի պատմագիտական շատ հեղինակավոր ուղղությունների արդյունական մեթոդները կամ բոլորովին ժխտվում էին, կամ չէին արժանանում լուրջ վերաբերմունքի: Հետխորհրդային ժամանակաշրջանում արդեն առաջին անգամ հնարավորություն ունենալով այլոց կենսափորձի եւ մեթոդների հաղորդակցության, յուրացման համար, տեսության եւ մեթոդների խնդրականը ձեռք է բերում ոչ միայն առաջնային, այլեւ վճռորոշ նշանակություն:

Վերոգրյալ ներփակությունն հաղթահարելու ուրույն ճանապարհ է առաջադրում Ա. Ստեփանյանը: Այն է՝ դիմելով պատմական դեպքերի, դեմքերի եւ իրադարձությունների լուսաբանման նոր հարացույցների՝ եզակիական, համադրական, տիպաբանական, համակարական եւ այլն: Այլ կերպ ասած՝ տարտամ անցյալականությանը հաղորդվել է միտում, ռիթմ եւ չափում: Գրության տիրույթում ծավալվող գործողություն, որն իրականացվում է պատճառական, ժամանակային, իմաստային, արժեբանական լծորդումներով: Շնորհիվ դրա էլ հնարավոր է դարձել անցյալը կերպավորել իբրեւ խաղընթաց (ֆաբուլա)՝ իրեն ներհատուկ երեք անփոփոխ բաղադրիչներով՝ սկիզբ, զարգացում, ավարտ (Պատմություն եւ կրթություն, 1/2 2005, Խմբագրական):
 

Գ. ԿՈԼԵԿՏԻՎ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՆՐԸ (բոլոր հոդվածների ամբողջականությունը)
Տարեգիրքը ուրույն հետազոտական միջավայր է, ուր պատմական համատեքստը ներկայանում է հարակից գիտությունների արդյունքներով համադրված մի ալգորիթմ, որն ունի եւ իր հստակեցված նպատակը (եւ' հետազոտական, եւ' հասարակական հնչեղության առումներով): Ըստ այդմ` այն մեզ ներկայանում է իբրեւ պատմագետ արհեստավարժների ամբողջական, համադրված աշխատություն: Միով բանիվ` կոլեկտիվ մենագրություն: Մեր պատմագիտության մեջ այդպիսի ամբողջացման փորձեր, հարկավ, արվել են, սակայն սխեմատիկ. մեկ գրքի մեջ ներառվել են մի քանի հետազոտողների իրար հետ բնավ "չերկխոսող աշխատանքներ": Սակայն Համընդգրկուն պատմություն ունենալու համար կենսական անհրաժեշտություն է հարակից գիտությունների հետ համագործակցությունը, որի բացակայության դեպքում պատմագիտական ճգնաժամը միշտ էլ անհաղթահարելի իրողություն է:

Կոլեկտիվ մենագրություն - ահա հայ պատմագետներին առաջադրված նոր մի լուծում, երբ զանազան կրթանքների արդյունքների համադրմամբ միայն կարելի է տվյալ ժամանակի տվյալ հիմնախնդիրը որոշարկել պատմական հիմնախնդիրների ողջ շերտերով ու ամբողջականությամբ: Այսու` հնարավոր է եւ պատմագիտության շրջափոխումը "խնդրարկման գիտության":
 

Դ. ՄԵՆԱԳՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ԺԱՆՐԸ
Նույն սկզբունքներով կառուցված է եւ մենագրական հոդվածի ժանրը՝ արդեն ավելի սեղմ տարածքում: Այն է՝ հոդվածը կառուցակազմված է հետազոտական հիմնախնդրի եւ դրանից բխող ենթախնդիրների շուրջ: Ընդ որում՝ հոդվածը իր մակարդակի տարասեռ ասույթների միջեւ տարասեռ կապեր ստեղծելով՝ կազմակերպում է տեքստը, որն օժտված է մենագրության իրողության բոլոր նշաններով: Այս դեպքում՝ հոդվածը դադարում է պարզապես մուտքի, ընթացքի եւ ավարտի (ամփոփման) պասսիվ օղակ լինելուց: Այլ կերպ ասած՝ հոդվածի սեղմ շրջանակներում հնարավոր է դառնում լուծել մի խնդիր (կամ խնդիրներ), որը սովորաբար լուծելի է մենագրության համեմատաբար ընդգրկուն ծավալում: Հավելենք, որ մենագրային հոդվածը կազմակերպվում է պատումի (narrative) սկզբունքով ու տրամաբանությամբ՝ գիտաթեմայի բանաձեւում, մուտք, հիմնախնդրի արծարում, ավարտ-ամփոփում եւ գիտական ապարատ (սկզբնաղբյուրների եւ գիտական գրականության ճշգրիտ հղում):
 

Ե. ԼԵԶՎԱԿԱՆ ԱՏԱՂՁԸ
Պատմագիտության ներփակության եւ համաշխարհային պատմագիտական մտքի եզրաբանական բառագանձարանից անհաղորդ մնալու պատճառով հայ պատմագիտական լեզվաբառապաշարում հընթացս ժամանակի աղոտանում են հետազոտական եզրերի, հղացքների կամ հասկացությունների իմաստները: Իսկ հաճախ տեղի-անտեղի, անհաջող ու թյուր կազմակերպման արդյունքում` կամ դուրս են գալիս կիրարկումից, կամ էլ պահեստավորվում "հազվադեպ կիրարկումների" շրջանակներում: Այսու` հայ պատմագիտության հիմնախնդիրներից է ոչ միայն պատմագիտական հասկացությունների, հղացքների ոչ միայն վերաիմաստավորումը, այլեւ նորերի ստեղծումը: Այս գիտակցմամբ հանդեսի հիմնական ուղղություններից է արդի պատմագիտական եւ այլ նշանակության եզրերի թարգմանումը կիրարկումը: Մի բան, որն, անշուշտ, չափազանց դժվարին աշխատանք է: Երբեմն թարգմանությունն անհնարին է. ոչ բոլոր դեպքերում է, որ օտար եզրն ու դրա հայերեն համարժեքը պարառում են համարժեքում իմաստային դաշտեր: Ավելի հաճախ` դրանք չեն համընկնում եւ մտքի ճիգ է պահանջվում` հին եւ իմաստակորույս բառերի իմաստները ճշտելուն եւ վերականգնելուն արդիության համատեքստում: Առանձին բառարանի եւ գրքի գործ է` ուսումնասիրելու եւ ներկայացնելու թե' բառարանային եւ թե' բացատրական ամբողջությունը, որպիսին առկա է եւ հանդեսի լեզվաոճական բառապաշարում (օրինակ, "առտնի պատմություն" (Histoire du quotidian / History of Everyday Life) "մտակեցվածքային պատմություն" (L'histoire des mentalités) եւ այլն):
 

Զ. ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ
Տարեգրքի հիմնադիրները վերակերպելով հայ պատմագիտական թե' մեթոդաբանական եւ թե' հետազոտական ողջ կառույցը, հետազոտությունների շրջանակներում պատմության հիմնախնդիրը դիտարկել են արդեն ժամանակատարածքային եւ բովանդակային նոր չափումներում: Դրանով փորձ է արվում ավանդական գծային-իրադարձութենական ժամանակի հաղթահարումը: Այսու` տարեգրքի շրջանակներում պարառելով հիմնախնդրի ժամանակային չափման պատմական գործընթացի տարբեր շերտեր, առաջին անգամ հայ իրականության մեջ քայլ են կատարում առ պատմական ժամանակի եւ քաղաքակրթության փոխհարաբերության հիմնախնդիրը: Այսու` հայոց պատմության դիտարկումը համաշխարհային պատմության հետնախորքում, նպատակավ` ազգային լոկալ ժամանակը լծորդել համաշխարհային տոտալ ժամանակին: Պատմությունը դիտարկելով ժամանակի քաղաքակրթական կամ "երկար տեւողության" (Բրոդելյան longue durée-ն) ծիրում, առաջնային է դառնում եւ պատմական գործընթացների տարասեռության ու ռիթմային բազմազանության ճանաչումն ու հետազոտությունը, ինչին եւ հետամուտ են հանդեսի հիմնադիրները:

Ավելին, քայլ է կատարվում քաղաքակրթական հոլիզմը (ամբողջընկալում) կառուցալուծելու եւ նրա բաղադրիչների միջեւ նոր (պատճառական, տիպաբանական, համակարական) հարաբերություններով պատումի նոր մետատեքստի ձեւավորելու ուղղությամբ: Բայց այս մոտեցումը Տարեգրքում դեռ սոսկ ուրվագծվում է՝ հետագա զարգացման հանձնառությամբ: Հուսանք, այն հետազոտական նոր հեռանկարներ կբացի:

3.
Այսքանն իսկ բավական է, ասելու համար, որ Տարեգիրքը հումանիտար գիտությունների տարաբնույթ ալգորիթմերի համադրման հաջողված փորձ է: Եվ դա թույլ է տալիս այն դիտարկել իբրեւ պատմության նոր հարացույցի օրինականացման "հայկական նախագիծ":



 

 



 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am